23 հունվարի 2026 – 14:03 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետի, ինչպես նաև 147-րդ հոդվածի առաջին մասի հիմքով, ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը ներկայացրել է հրաժարականի դիմում՝ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Ըստ նույն օրենքի 147-րդ հոդվածի երկրորդ մասի՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնյան գրավոր կերպով`
- հետ է վերցնում իր հրաժարականի դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս համապատասխան հայտարարությամբ,
- իսկ եթե հրաժարականը հետ չի վերցվում, ապա կազմվում է լիազորությունների դադարման արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը։ Այդ արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։
Բուժքույր աշխատած և բարձրագույն կրթություն չունեցող ՔՊ-ական Հունանյանն այդ պաշտոնում մնացել է ընդամենը 3 ամիս: ՔՊ-ականները ողջունել են նրա հրաժարականը, թեև ՔՊ-ն էր առաջադրել և ընտրել նրան այդ պաշտոնում:
Հունանյանն ավելի վաղ ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հրաժարական է տալիս՝ իր հնչեցրած մտքերի և «վրիպումների» պատճառով:
«Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը», – գրել էր նա: