«Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է ԸՕ օրինագծի քննարկումը․ Հետաձգելու առաջարկը մերժվել էր

«Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է ԸՕ օրինագծի քննարկումը․ Հետաձգելու առաջարկը մերժվել էր

23 հունվարի 2026 – 14:54 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը և լքել դահլիճը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների քննարկման ժամանակ, քանի որ այն հետաձգելու առաջարկը մերժվել է:

Ազգային ժողովի արտահերթ նիստում, որը նվիրված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագծի քննարկմանը, «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հայտնում է 1lurer.am-ը։

«Առաջարկություն ներկայացրինք հետաձգելու նիստը, որպեսզի թե՛ միջազգային ներկայացուցիչների ներգրավման, թե՛ դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման, նաև հանրային քննարկման միջոցով ունենանք օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ և դրա հիման վրա՝ նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք, ոչ միայն մերժում…

Անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է՝ ընտրական գործընթացներն ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելուն և ընտրակեղծիքներն օրինականացնելուն միտված: Այս ամենն ընդունելի չէ, մերժելի է»,- ասել է Մինասյանը։

Նման արձագանքի ֆոնին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը։

«Չմասնակցելու հետ կապված՝ պիտի բացակաները ներկայացնեմ: Ասեմ, որ ԱԺ գումարումից այս կողմ՝ 4․5 տարվա ընթացքում, ունեցել ենք 244 նիստ, և, այսօր, օրինակ, պարոն Իշխան Սաղաթելյանի 100-րդ հոբելյանական բացակայությունն է: Շնորհավորում ենք»,- ընդգծել է ԱԺ խոսնակը՝ ինչին հաջորդել են ծափահարություններ դահլիճում։

Ազգային ժողովի այս արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը։Քննարկման ընթացքում պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց է ուղղել՝ արդյոք նախագծով նախատեսված փոփոխությունները պետք չէ անել առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ՝ մատնանշելով նման պահանջի հնարավոր առկայությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որպես հիմնական զեկուցող, պարզաբանել է, որ խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը:

Leave a Comment