23 հունվարի 2026 – 15:00 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը կարևորել է, որ դիտորդական առաքելությունների չեզոքությունը վերահսկվի ԿԸՀ-ի կողմից:
«Ուզում եմ գոհունակությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել են այս նախագիծը և աշխատանք տարել այս ուղղությամբ, և իմ զարմանքը ընդդիմության վարքագծին, որովհետև որքան ինձ հիշում եմ, ընտրությունների մեջ լինելով որպես դիտորդ, միշտ խորհրդարանական ընդդիմությունն ու քաղհասարակությունն են եղել ջատագով, որպեսզի ընտրությունները լինեն շատ ավելի հանրային վերահսկողության ներքո, որպեսզի դիտորդությունը լինի շատ ավելի չեզոք կառույցների կողմից, և դիտորդի օբյեկտիվությունն ու զեկույցում արտահայտած մտքերը որևէ կերպ կասկածի տակ չդրվեն»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ նախորդ տարիներին թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրություններից հետո ի հայտ են եկել դեպքեր, երբ մի շարք կազմակերպություններ, որոնք ձևավորվել են ընտրություններից անմիջապես առաջ կամ հետո, տեղամասերում գործել են որպես դիտորդներ։ Սակայն պարզվել է, որ նման դիտորդները ներկայացրել են ոչ թե անկախ կառույց, այլ այն կուսակցությունը, որից առաջադրումով ուղարկվել են։
«Շատ կարևոր է, որ այստեղ դիտորդական առաքելությունների չեզոքությունը վերահսկվի ԿԸՀ-ի կողմից, բայց ռիսկ չլինի նաև այն առումով, որ կարող են ներդրված անձի միջոցով հնարավոր է նաև նման մրցակցություն, որ կարող են այլ կազմակերպություններ անձին ներդնել դիտորդական առաքելության մեջ, որպեսզի նրա վարքագիծը որևէ կերպ ազդի այդ դիտորդական առաքելության օբյեկտիվության վրա: Այստեղ ԿԸՀ-ն որոշում կայացնելիս պետք է շատ ուշադիր լինի»,- ընդգծել է Հերիքնազ Տիգրանյանը։
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Քննարկման ընթացքում պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց է ուղղել՝ արդյոք նախագծով նախատեսված փոփոխությունները պետք չէ անել առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ՝ մատնանշելով նման պահանջի հնարավոր առկայությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որպես հիմնական զեկուցող, պարզաբանել է, որ խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը: