Aurora News | Եթե անուններ կտա և կապացուցի իր հայտարարությունը, լավ, եթե ոչ՝ ուրեմն ստոր և սրիկա է. Աղազարյանը` Քյարամյանի մասին

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այն դրվագում, որտեղ հնչում է, թե իբր Արամ Մկրտչյանը իրեն կաշառք է տվել, ակնհայտորեն խոսքը պարտքի մասին է, որը հետագայում վերադարձվել է։

Նրա խոսքով՝ ձայնագրությունում հստակ լսվում և զգացվում է, որ Արամ Մկրտչյանը իրեն ոչ թե կաշառք, այլ պարտք է տվել, որն ինքը վերադարձրել է։

Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, ըստ որի՝ իրեն միջնորդել են Հովիկ Աղազարյանի որդու բիզնեսի հետ կապված, պատգամավորը նշել է, որ արդեն իր վերջին խոսքն ասել է այդ թեմայով։

«Եթե անուններ կտա և կապացուցի իր հայտարարությունը, լավ, եթե ոչ՝ ուրեմն ստոր և սրիկա է»,- ասել է Աղազարյանը։

Նշենք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով՝ ընդհանուր 11 միլիոն 229 հազար 370 դրամ կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ «ոչխարների գործով» քրեական վարույթը նախաձեռնվել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին։ Թվային խուզարկության ընթացքում հայտնաբերված տեսաձայնագրությունների ուսումնասիրության արդյունքում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ՝ «23 հազար դոլարի կաշառքի գործով»։

Leave a Comment