Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Մարզաշխարհը՝ հանուն առողջ սերնդի» նախաձեռնությունը, որի թմրամոլության դեմ պայքարի ծրագրի ղեկավար է նշանակվել հայ ըմբիշ, Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։
Նախաձեռնության նպատակն է սպորտի միջոցով կանխարգելել թմրամոլության տարածումը, խթանել առողջ ապրելակերպը և երիտասարդներին ներգրավել կառուցողական ու արժեքահեն միջավայրում։ Ծրագրին արդեն միացել են հազարավոր մարզիկներ, այդ թվում՝ ծանրորդներ Վարազդատ Լալայանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, ըմբիշ Մալխաս Ամոյանը և հայկական սպորտի այլ ճանաչված ներկայացուցիչներ։
Մասնակիցները շեշտում են, որ պատրաստ են սեփական օրինակով աշխատել երիտասարդների հետ՝ նպաստելով թմրամիջոցների դեմ պայքարին և առողջ սերնդի ձևավորմանը։
Ծրագրի կազմակերպիչների խոսքով՝ առողջ սերունդը Հայաստանի անվտանգության հիմնասյուներից մեկն է, իսկ սպորտը երկրի կայուն ու հզոր ապագայի կարևոր նախապայմաններից։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաև ստեղծել հասանելի և պրոֆեսիոնալ մարզական պայմաններ այն մարզիկների համար, ովքեր ստացել են վնասվածքներ կամ ունեն հաշմանդամություն։
