Պուտինն անգլերեն է ողջունել Ուիթքոֆին․ բանակցությունները Կրեմլում տևել են 3,5 ժամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Կրեմլում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ տևել է ավելի քան երեքուկես ժամ։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Nice to meet you again»՝ Պուտինի անգլերեն ողջույնին ի պատասխան, Ուիթքոֆը նշել է, որ ինքը ևս ուրախ է Պուտինին տեսնելու համար։

Մոսկվա թռիչքից առաջ Ուիթքոֆը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը գտնվում է վերջնական փուլում և մնում է ընդամենը «մեկ հարցի» լուծում՝ չմանրամասնելով ինչի մասին է խոսքը։

Հանդիպումից հետո նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ բանակցությունները «չափազանց անկեղծ և վստահելի» են եղել։ Նա հավելել է, որ կողմերը մանրամասն քննարկել են միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության ապագա ձևաչափերը։

«Գլխավորն այն է, որ մեր նախագահի և ամերիկացիների միջև այս բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ հաստատվեց, որ առանց տարածքային հարցը լուծելու` Անքորիջում համաձայնեցված բանաձևի, երկարաժամկետ կարգավորման հասնելու հույս չկա», – ասել է Ուշակովը և հավելել, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի և ՌԴ-ի միջև անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Աբու Դաբիում։

Leave a Comment