ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Արցախում բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան:
«Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն», – գրել է Թորոսյանը Ֆեյսբուքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ:
Ըստ էության, Թորոսյանի գրառմամբ առաջին անգամն է, սակայն, որ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ պաշտոնական մակարդակով որպես տեղանուն օգտագործվում է Ադրբեջանը:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Արցախում եզակի հայեր էին մնացել, նրանցից մեկին էլ՝ Կարեն Ավանեսյանին, Բաքուն մեղադրանք է առաջադրել:
