«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանը շարունակում է պայքարը ծայրահեղ միջոցով՝ վերջին ուժերով՝ առողջական լուրջ խնդիրների առկայության պայմաններում, հայտնել է նրա պաշտպաններից Աստղիկ Մաթևոսյանը:
Սամսոնյանին բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, անհապաղ հոսպիտալացնելու ուղեգիր տվել, բայց Սամսոնյանը, Մաթևոսյանի խոսքով, դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է՝ մենախցում։
Երկու ամսից ավելի կալանքի տակ գտնվող Սամսոնյանը հացադուլի մեջ է արդեն 15 օր: Մաթևոսյանը նրան տեսակցել է երեկ:
«Նարեկը հյուծված է, զգալիորեն նիհարած, հանդիպման ընթացքում պարբերաբար ինքնազգացողությունը վատանում էր։ ԲԿ տեղափոխությունն ու հետ վերադարձը բացասական ազդեցություն էր ունեցել Նարեկի վիճակի վրա: ԲԿ-ից վերադարձի ճանապարհին էլ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր մեքենայում: Երեկ Նարեկին հրաժեշտ տվեցի վատ ինքնազգացողության պայմաններում։ Չգիտենք՝ ինչպես է անցկացրել գիշերը, չգիտենք՝ ինչ վիճակում կտեսնենք այսօր», – հավելել է պաշտպանը։
Ըստ նրա՝ հացադուլը դադարեցնելու որոշումը կարող է տեղի ունենալ բացառապես բժշկի ցուցմամբ Սամսոնյանի նախընտրած բուժհաստատությունում՝ վերականգնողական բուժում, հետազոտություններ անցնելու ու հրատապ վիրահատության ենթարկվելու համար։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին երկու ամսով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Սամսոնյանն այդ նիստին հայտնել էր հացադուլ սկսելու մասին:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հունվարի 22-ին տեղեկացրել էր, որ բժշկի հորդորներից ու ցուցումից հետո Սամսոնյանը հացադուլը դադարեցնելու որոշում էր կայացրել։ Ժամեր անց Մելիքյանը հայտարարել է, որ Սամսոնյանը փաստացի շարունակում է 14 օր առաջ սկսած հացադուլը, քանի որ իր նախընտրած հիվանդանոցից զատ այլ տեղ չի ցանկանում վերականգնողական բուժում անցնել։
