Վահագն Ալեքսանյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ իշխանությունը այնքան տագնապած է, որ խոսում է ընդդիմադիր դաշտում մեծ դերակատարություն ունեցող ուժի՝ «Հայաստան» դաշինքի մասին: Ակնհայտ է, որ հրահանգներով շարժվողը դուք եք, և շարժվում եք մեկ անձի հրահանգով՝ բռնապետական մեծ հակումներ ունեցող անձի: Այսօրվա նախագիծը դրա վառ ապացույցներից մեկն է: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ելույթին՝ Արծվիկ Մինասյանը նշեց.
«Խորհրդի նիստից ակնհայտ դարձավ, որ մեծամասնությունը, անկախ ամեն ինչից՝ արհամարհելով բոլոր ժողովրդավարական նվազագույն կանոնները, իրավական նվազագույն պարտավորությունները, որոշել է ուժի «զոռով» այս նախաձեռնությունները առաջիկա՝ ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններում իրականացնել և անել փոփոխություն: Դիտորդների վերաբերյալ կարգավորումները համարվում են ընտրական օրենսդրության սկբունքային կարգավորվող համակարգերից մեկը»:
Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։