Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է


ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորները ներկայացրել են Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24-ժամվա ընթացքում: 


«Այս որոշման նախագիծը նախ՝ պետք է քննարկենք, այնուհետև քվեարկենք»,- հայտնեց Սիմոնյանը:


Որոշման նախագիծը ներկայացրեց արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչ Արուսյակ Ջուլհակյանը:


«Դիտորդական առաքելությունները ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնц հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը: 


Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները և դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք և անաչառ: Գործող ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար և արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատճաշ կատարման վերահսկումը և ապահովումը երաշխավորելու համար»,- հայտնեց Ջուլհակյանը:


Նրա խոսքով՝ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը միտված է նշված բացի շտկմանը, ընտրական գործընթացների նկատմամբ չեզոքության, թափանցիկության և իրավական կանխատեսելիության ամրապնդմանը:


Ջուլհակյանն ընդգծեց՝ նախագծի ընդունումը հրատապ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում մեզ սպասվում են ընտրական գործընթացներ և դրանց նկատմամբ հանրային և միջազգային ուշադրության բարձր մակարդակ կա: 


 

Leave a Comment