«Հրապարակ»-ը գրում է.
Դեկտեմբերի սկզբներին իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունը հայտարարեց էթիկայի կանոնագիրք ընդունելու մասին, որով իշխող ուժի անդամները պարտավորվում են չհայհոյել, չվիրավորել եւ այլն, քանզի իրենց կանոնագրքում ասվում է, որ ՔՊ-ն պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Այս դարակազմիկ իրադարձության հետ կապված՝ հանդես էր եկել նաեւ ՔՊ առաջնորդը, գրելով. «Էթիկայի կանոնագրքում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար` դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ՝ բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։
Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ՝ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին։
Այս հայտարարությունից երկու ամիս էլ չի անցել, այս ընթացքում գրեթե ոչ ոք չի նկատել, որ իշխող ուժը զսպվածություն է դրսեւորում իր խոսքում, ձեռնպահ է մնում տարբեր ուժերին ու մարդկանց վիրավորելուց, հայհոյելուց: Ինչպես ասում են` կարմիր կովը կաշին չի փոխում:
Մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են Փաշինյանն ու թիմակիցները, իրենց արբանյակ քարոզիչներն ու քաղաքագետները, լրագրողներն ու լրատվամիջոցները հրապարակային շռայլում իրենց «ոսկեղենիկ» լեքսիկոնը։
Նախօրեին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հերթական անբռնազբոս պահվածքը դրսեւորեց ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց տհաճ հարցերին ի պատասխան նետելով․ «գլուխներդ պատովն եք տվել», «դուրս մի տվեք, կրկնում եմ՝ դուրս մի տվեք», իսկ Արարատ Միրզոյանը «ողորմելի» անվանեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին։ Սա է այս իշխանության իրական դեմքը, երբ խոսքով բարեվարք են, բայց այդ կանոնագրերի հետեւում իրականում ստախոս, անպատասխանատու, իրենց խոսքից հրաժարվող մարդիկ են կանգնած։