Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեին – Armenia Today

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում կայանալիք արվեստի 2-րդ միջազգային բիենալեին, որն անցկացվում է «Մաքուր, պարզ, կտրված» խորագրի ներքո, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը:

Հայաստանի ազգային տաղավարը ներկայանալու է նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» նախագծով (համադրող՝ Սոնա Հովհաննիսյան):

Նախագիծն ընտրվել է ԿԳՄՍ նախարարության կողմից 2025 թվականի հունիսին հայտարարված մրցույթի արդյունքում:

Մալթայի արվեստի 2-րդ բիենալեին ներկայացվող նախագիծը քանդակային և ձայնային ինստալյացիա է, որը հանդիսատեսին հրավիրում է խորհրդածական վիրտուալ ճանապարհորդության՝ բացահայտելու տեսանելիի և անտեսանելիի, ներկայի և անցյալի հարաբերակցությունը:

Ետալյանը Հայաստանի նկարիչների, ինչպես նաև Լիբանանի նկարիչների և քանդակագործների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները ներառում են հուշարձաններ, ինստալյացիաներ և հանրային արվեստի նախագծեր:

Այս տարի Մալթայի արվեստի 2-րդ բիենալեում ներկայացվելու է 47 նախագիծ, որոնք ընտրվել են աշխարհի 122 երկրներից ստացված ավելի քան 3200 դիմումներից։ Միջոցառման մասշտաբն ընդգծվում է ազգային և թեմատիկ 29 տաղավարներով՝ բիենալեն դիրքավորելով որպես տարածաշրջանի խոշոր միջազգային մշակութային իրադարձություն։

Leave a Comment