Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմի պարգևատրման կարգադրություն է արել – Armenia Today

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով խորհրդարանի աշխատակազմի պետական ծառայողները ստանալու են միանվագ դրամական պարգևատրում:

Մեկ այլ կարգադրության մեջ նշված է, որ ԱԺ աշխատակազմի 2026 թվականի համար նախատեսված պարգևատրման գումարը պետք է բաշխվի ԱԺ աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15%-ի չափով:

Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավորի տարեվերջին փոխանցվել էր 3 մլն դրամ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերին նախարարներն ու նրանց տեղակալները ևս ստացել էին միլիոնավոր դրամների պարգևավճարներ։ Հունվարին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամի պարգևավճար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրության ավելացումը կազմել է մոտ 1,5 մլն դրամ։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հունվարի 15-ին հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի նախաձեռնած քաղաքական ուժի հաղթանակի դեպքում Հայաստանի վարչապետը կստանա տարեկան 1 դրամ աշխատավարձ և պարգևավճարների իրավունք չի ունենա: ԱԺ նախագահը հունվարի 19-ին պաշտպանել էր պետական պաշտոնյաներին պարգևավճարներ հատկացնելու քաղաքականությունը՝ հայտարարելով, որ այդ գումարները փաստացի նրանց աշխատավարձի բաղկացուցիչ մասն են, այլ ոչ թե լրացուցիչ խրախուսանք:

Leave a Comment