«Մեր ձևով» շարժումը հերքել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում 400 միլիոն դրամի աշխատավարձերի մասին հայտարարությունը՝ այն անվանելով «սուտ և ապատեղեկատվություն»:
Չախոյանը մեկնաբանել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կուսակցության թեկնածուի պատրաստակամությունը՝ վարչապետի պաշտոնում հրաժարվել պարգևավճարներից և ստանալ ընդամենը 1 դրամ աշխատավարձ՝ հայտարարելով, որ «Մեր ձևով»-ի ներկայացուցիչները չեն հետաքրքրվել թոշակառուներով այն շրջանում, երբ ստանում էին «400 միլիոն դրամի չափով աշխատավարձ»։
Շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրել է, որ «Մեր ձևով» շարժման համակարգող, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն իր ամբողջ աշխատավարձը կամավոր փոխանցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ թոշակառուներին և սոցիալապես խոցելի այլ խմբերին օգնելու, նրանց կարիքները թեթևացնելու համար:
«Ի դեպ, նույնը խորհուրդ ենք տալիս անել նաև ձեզ», – նշել է Ղահրամանյանը և տեղադրել 2025 թվականի սեպտեմբեր ամսվա հրապարակումը՝ աշխատավարձերի ամբողջական ծավալով բարեգործական նպատակներով փոխանցումը հաստատող անդորրագրերով:
Նա նաև ընդգծել է, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի աշխատավարձը վճարում է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը սեփական միջոցներից: «Այդ միջոցները առհասարակ մաս չեն կազմում սակագնի, և ինչպես Դուք եք ասում, «տատիկ-պապիկների վճարած գումարները չեն»։ Եվ այո, իշխանությունը ժողովրդին ծառայելու մասին է, բարձր աշխատավարձերի ու բազմամիլիոնանոց պարգևավճարների մասին չէ», – եզրափակել է նա։
Ավելի ուշ «Մեր ձևով» շարժման համակարգողը տեղեկացրել է, որ այս ամսվա ընթացքում 20,000 թոշակառու իր թոշակը կստանա Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։
«Երեկ, այսօր և վաղը՝ երեք օրում, ՀՀ պետբյուջե կփոխանցենք շուրջ 1,000,000,000 դրամ հարկ։ Այս ամսվա ընթացքում 20, 000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։ Հուսով եմ՝ այս գումարները չեն ուղղվի պարգևավճարների», – գրել է նա։
Կարապետյանը հունվարի 15-ին հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի նախաձեռնած քաղաքական ուժի հաղթանակի դեպքում Հայաստանի վարչապետը կստանա տարեկան 1 դրամ աշխատավարձ և պարգևավճարների իրավունք չի ունենա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը հայտնել էր, որ իր վարձատրության ամսական աճը կազմել է շուրջ 1,5 մլն դրամ: Նրա խոսքով՝ վճարումների բարձրացումն իր անձնական որոշումը չի եղել և իրականացվել է պետական, կառավարական որոշման շրջանակներում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 19-ին պաշտպանել էր պետական պաշտոնյաներին պարգևավճարներ հատկացնելու քաղաքականությունը՝ հայտարարելով, որ այդ գումարները փաստացի նրանց աշխատավարձի բաղկացուցիչ մասն են, այլ ոչ թե լրացուցիչ խրախուսանք:
