Դավոսում ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Շվեյցարիայում է նաև Ուկրաինայի նախագահը՝ հակառակ իր այն հայտարարությանը, որ համաժողովին կմասնակցի միայն այն դեպքում, եթե իր երկրին վերաբերող ստորագրելու փաստաթուղթ առաջարկվի։ Ամեն դեպքում արդեն հայտնի է, որ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ի դեպ, Թրամփը համաժողովի իր ելույթում ակնարկել է, որ Կիևը պատրաստ է համաձայնության ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու հարցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու իր մտադրության մասին։ Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նախագահը պատրաստ է համաձայնության։
«Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ մենք բավական մոտ ենք։ Ուկրաինայում գրեթե չորս տարի տևող պատերազմը պետք է ավարտվի։ Ես արդեն մեկ տարի է, ինչ աշխատում եմ այս պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ։ Բայց այս ընթացքում լուծել եմ ութ այլ հակամարտություններ։ Հնդկաստան-Պակիստան, Հայաստան-Ադրբեջան և այլն»։
Զելենսկին ինքը մի քանի օր առաջ ասել էր, որ երկրի ներսում բազմաթիվ հրատապ հարցեր կան՝ կապված Ռուսաստանի ավիահարվածների հետ։ Ըստ նրա՝ Կիևում մեկ միլիոնից ավելի մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել, ավելի քան 4 հազար բնակելի շենք չի ջեռուցվում։ Դավոս մեկնելուց առաջ Զելենսկին ասել էր, որ Շվեյցարիա կգնա միայն այն դեպքում, եթե ստորագրման համար փաստաթուղթ պատրաստ լինի, կամ եթե օգնության նոր, կոնկրետ խոստումներ տրվեն։
«Ուկրաինական կողմն ակտիվորեն աշխատում է ամերիկյան կողմի հետ, աշխատում է եվրոպացների հետ՝ հնարավոր հանդիպումների և աջակցության փաթեթների շուրջ։ ՀՕՊ հրթիռներն անհրաժեշտ են ամեն օր։ Զենքերն անհրաժեշտ են ամեն օր։ Վերականգնման համար սարքավորումները և պաշարներն անհրաժեշտ են ամեն օր։ Եթե Դավոսի ձևաչափը ապահովի իրական արդյունքներ Ուկրաինայի համար, ապա Ուկրաինան ներկայացված կլինի այնտեղ։ Ոչ մեկին պետք չէ դատարկ քաղաքականություն կամ արդյունքներ չունեցող զրույցներ»։
Ժամեր առաջ լրատվամիջոցները հրապարակեցին Դավոսում վայրէջք կատարած Զելենսկու օդանավի կադրերը՝ փաստելով նրա այցը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն ասել է, որ Վոլոդիմիր Զելենսկին Շվեյցարիայում է՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին և հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Նիկիֆորովը նաև ասել է, որ առայժմ նախատեսված են միայն արձանագրային նկարահանումներ, սակայն այդ ձևաչափը կարող է նաև փոխվել հանդիպումից առաջ։ Ուկրաինայի նախագահը նաև պետք է ելույթ ունենա Համաշխարհային տնտեսական ֆորումում և մասնակցի Ուկրաինայի վերականգնման հարցերով միջազգային խորհրդատվական խորհրդի պանելային քննարկմանը։ Միջոցառման շրջանակում Զելենսկին կհանդիպի էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ։