Զախարովան կրկին Վարդան Ղուկասյանի գործին է անդրադարձել 

Քաղաքականություն

22.01.2026 | 19:17

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա  Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում կրկին անդրադարձել է Գյումրի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործին։ Նա ասել է, թե «ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարությունների համար» քրեական հետապնդումն «աբսուրդ» է։

Ըստ նրա՝ Ռուսաստանը միշտ եղել և մնում է հավատարիմ Հայաստանի ինքնիշխան, անկախ և բարգավաճ պետություն լինելու գաղափարին։ Զախարովան նշել է, թե Հայաստանի ղեկավարության արձագանքը Վարդան Ղուկասյանի հայտարարություններին «զարմանալիորեն անհամապատասխան է այն բանին», թե ինչպես է Երևանը նախընտրում անտեսել մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների մեկնաբանությունները, ագրեսիվ միջամտությունը ներքին գործերին, նաև «չեն տեսել կալանավորումը նրանց, որոնք կոչ են անում միանալ ԵՄ-ին»։

«Մենք որևէ իրավական ​​​​գործընթաց չենք տեսել, առավել ևս՝ ձերբակալություններ նրանց դեմ, ովքեր կոչ են անում անխոհեմ կերպով գնալ դեպի Եվրամիություն։ Սակայն ԵՄ-ին միանալն իսկապես ենթադրում է որոշակի ինքնիշխանությունից հրաժարվել։ Ինչո՞ւ պատասխանատվության չենթարկել նրանց, որոնք, Հայաստանին դեպի ԵՄ մղելով, բառացիորեն կոչ են անում երկրին հրաժարվել իր ինքնիշխանությունից՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Թող տեսնեն, թե ինչ է կատարվում հիմա ԵՄ-ի ներսում»,- հայտարարել է Մարիա Զախարովան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment