Բունդեսթագի նախկին անդամը պայմանական ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանից կաշառք ստանալու գործով

Քաղաքականություն

22.01.2026 | 18:26

Մյունխենի դատարանը Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին դատապարտել է մեկ տարի և երկու ամիս ժամկետով պայմանական ազատազրկման՝ կաշառակերության գործով, գրում է The Insider-ը։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ դատարանը նաև արգելել է քաղաքական գործչին երկու տարի ժամկետով պետական ​​պաշտոն զբաղեցնել և պարտավորեցրել վճարել 12,000 եվրո հանցագործությունների զոհերին աջակցող կազմակերպությանը։ Դատարանն ապացուցված է համարել, որ Ֆիշերը կաշառք է ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) երկրի մասին դրական հայտարարություններ անելու համար։

Գերմանացի քաղաքական գործիչը ԵԽԽՎ անդամ է եղել 2010-ից 2018 թվականներին։ Այս ընթացքում նա տասնյակ հազարավոր եվրոներ է ստացել Ադրբեջանից։ Ֆիշերը հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն»։

Անցյալ տարվա հուլիսին դատարանը մեկ այլ վճիռ էր կայացրել ադրբեջանական կաշառակերության գործով։ Քրիստոնեա-սոցիալական միությունից Բունդեսթագի նախկին անդամ Էդուարդ Լինտները դատապարտվել էր 9-ամսյա ժամկետով պայմանական ազատազրկման և 10,000 եվրո տուգանքի։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ ազդել են ԵԽԽՎ որոշումների վրա կաշառքի միջոցով, այդ թվում՝ Լինտների օգնությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment