Ախթալայում գործադուլավորների պահանջները չեն ընդունում․ Նոր հորատողներ են փնտրում

Ախթալայում գործադուլավորների պահանջները չեն ընդունում․ Նոր հորատողներ են փնտրում

22 հունվարի 2026 – 18:27 AMT

PanARMENIAN.NetԱխթալայի և Շամլուղի հանքերում մոտ 50 հորատող արդեն մեկ շաբաթ գործադուլ է հայտարարել։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը հայտնել է, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատողները պահանջել են, առաջին հերթին, աշխատավարձերի բարձրացում, հայտնում է Factor.am-ը:

«Խոսքը 20% բարձրացման մասին էր, քանի որ համարում են, որ իրենց կատարած աշխատանքի ծանրությունը, վտանգները չեն համապատասխանում ստացված եկամուտին։ Նրանք խոսում էին նաև անվտանգային պայմաններից»,- ասել է Դուլգարյանը։

Նրա փոխանցմամբ՝ աշխատողները մի քանի օր բանակցել են, սակայն արդյունքի չեն հասել։

«Մոտ 40-50 մարդ հավաքվում է ընկերության դարպասների մոտ և սպասում են իրենց պահանջների իրականացմանը: Այսինքն, այլ գործողություններ չեն իրականացնում: Երեկ գործադուլ անողներն ասել են՝ լավ, գոնե այնքանով բարձրացրեք հիմա, որքանով որ դա հնարավոր է կարճաժամկետ կտրվածքում, իսկ երկարաժամկետ կտրվածքում, այսինքն՝ լինեն ծրագրեր, պայմանավորվածություններ, որ աշխատավարձերը կբարձրանան: Սակայն դա չի ընդունվել: Իրենց ասել են, որ ընկերությունը ունի որոշակի ֆինանսական դժվարություններ և այս պահին չի կարող նման գործարքի գնալ»,- նշել է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ գործադուլի մասնակիցներից որոշները արդեն իսկ ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ։ Այս պայմաններում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ փնտրում է նոր հորատողներ՝ ստորգետնյա հանքում աշխատանքի համար՝ խոստանալով կայուն աշխատանք և մրցունակ աշխատավարձ։

Դուլգարյանը ենթադրում է, որ նման քայլը կարող է վկայել սպասվող կրճատումների մասին, և դժվար թե կոմբինատը պատրաստ լինի աշխատավարձերի վերանայման։

«Մի կողմից, իրավական առումով, գործատուն իրավունք ունի նման մոտեցում ցույց տալ: Բայց սոցիալական արդարության առումով, որքանո՞վ են այդ մարդիկ լսելի եղել, իրենք ունեցե՞լ են ինստիտուտներ, որոնք պետք է իրենց իրավունքներից խոսեին։ Միանշանակ, իրենց ազատումն աշխատանքից խնդրահարույց է, և վստահ եմ, որ նրանցից ոմանք միգուցե նաև իրենց իրավունքները պաշտպանեն դատարանում»,- ասել է Դուլգարյանը։

Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը հանդիպել են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ՝ վերջին օրերին գործադուլ հայտարարած մոտ 50 աշխատողների բարձրացրած հարցերը քննարկելու նպատակով։

Leave a Comment