«Սրբազան պայքարի» գործով դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով

22 հունվարի 2026 – 18:05 AMT

PanARMENIAN.Net – «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով: Գործով անցնող Արման Իսրայելյանի պաշտպանը մինչ խափանման միջոցի հարցը քննարկելը, ներկայացրել է բժշակական փաստաթղթեր։ Հանրային մեղադրողն առաջարկել է դրանց քննարկման, առողջական վիճակի ներկայացման համար անցնել դռնփակ նիստի։

Պաշտպան Վահագն Հակոբյանն ընդգծել է, որ այդ նյութերը վերաբերում են թե իր վստահորդի, թե նրա որդու առողջական խնդիրներին, հայտնում է Panorama.am-ը:

Հայտարարվել է 5 րոպե ընդմիջում, կարգադրիչներին հանձնարարվել է ապահովել նիստի դռնփակությունը։

Դատական նիստի առաջին ընդմիջման ժամանակ մեղադրյալներ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Լիդիա Մանթաշյանը, Մովսես Շարբաթյանը փոքրիկ ակցիա են իրականացրել՝ իրենց գլխավերևում ծածանելով «Սրբազան պայքար» գրությամբ մանուշակագույն դրոշը։

Նրանց ակցիային միացել է նաև Բագրատ սրբազանը։

Նիստին ներկա չէին պաշտպաններից շատերը։ Գործընկերներից մեկը տեղեացրել է, որ դատական նիստին ներկայացել, ապա իր պաշտպանյալներից մեկի՝ Նարեկ Սամսոնյանի հիվանդանոցում առաջացած խնդիրներով պայմանավորված, շտապ հեռացել է Ռուբեն Մելիքյանը։

Բագրատ սրբազանի դեմ մեղադրանք է առաջադրվել այն հիմքով, որ նրա նախաձեռնած ու ղեկավարված «Սրբազան պայքար» անունը կրող շարժման շրջանակում, մի քանի ամիսների ընթացքում, 2024 թվականի նոյեմբերից նա նպատակադրվել է հասնել իշխանափոխության՝ Սահմանադրությամբ արգելված եղանակով։ Ըստ մեղադրանքի՝ նախնական պայմանավորվածությամբ «խմբի կազմում ձեռք են բերել ահաբեկչական գործողությունների և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ, ինչպես նաև դիտավորյալ ստեղծել են համապատասխան պայմաններ՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության նպատակով»։

Leave a Comment