22 հունվարի 2026 – 18:11 AMT
PanARMENIAN.Net – «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին, ում քիչ առաջ ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, կրկին վերադարձրել են ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը հայտնել է, որ 14 օր հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանը, բժշկի հետ զրույցից հետո, գրավոր դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու վերաբերյալ՝ հետհացադուլային վերականգնողական թերապիա անցնելու նպատակով: Դրան հաջորդել է բյուրոկրատական գործընթացը։
«Մեզ տրված պարզաբանման մեջ ասվում է, որ համապատասխան փաստաթղթերը, հետազոտության արդյունքները ներկայացվելուց հետո, հունվարի 23-ին կրկին դիտարկվելու է բուժկենտրոն վերադարձնելու հարցը։ Նարեկը փաստացի շարունակելու է հացադուլը, քանի դեռ իրեն հնարավորություն չի տրվել իր բուժող բժշկի վերահսկողությամբ իրականացնի հետհացադուլային վերականգնողական թերապիան»,-պարզաբանել է Մելիքյանը:
Հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ դատավարությունը դադարեցնելու պահանջով։