«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին հունվարի 22-ին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, այնուհետ՝ կրկին քրեակատարողական հիմնարկ, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանը ժամեր առաջ տեղեկացրել էր, որ բժշկի հորդորներից ու ցուցումից հետո Սամսոնյանը հացադուլը դադարեցնելու որոշում էր կայացրել։ Ժամեր անց Մելիքյանը հայտարարել է, որ Սամսոնյանը, փաստացի, շարունակում է 14 օր առաջ սկսած հացադուլը, քանի որ իր նախընտրած հիվանդանոցից զատ այլ տեղ չի ցանկանում վերականգնողական բուժում անցնել։
Մելիքյանը մանրամասնել է, որ Սամսոնյանը դեռ կալանքից առաջ՝ դեկտեմբերին, նախատեսել է վիրահատվել այդ հիվանդանոցում, որտեղ իր վիճակը վերահսկող բժիշկ ունի։ Կալանքից հետո, սակայն, այդ վիրահատությունը հնարավոր չէր, իսկ նրա առողջական վիճակը, փաստաբանի փոխանցմամբ, սրվել է։
Մելիքյանը նշել է, որ Սամսոնյանը հյուծված է, իսկ հացադուլը դադարեցնելու մասին հայտարարությունից հետո բյուրոկրատական խնդիր է առաջացել, ինչն իր համար էլ դժվար է հասկանալ։
«Նարեկը հայտնել է իր դիրքորոշումը՝ կապված բացառապես «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում անցնելու հետ։ Նրանից արյան անալիզ են վերցրել ու հետ են տարել բանտ։ Մեզ ասել են, որ համապատասխան հետազության արդյունքներից հետո կդիտարկեն նրան նորից բուժկենտրոն վերադարձնելու հարցը։ Նա փաստացի շարունակելու է հացադուլը, քանի դեռ իրեն չեն թույլատրել իր բժշկի վերահսկողությամբ անցնել հացադուլից հետո անհրաժեշտ վերականգնողական փուլը»,- հավելել է փաստաբանը։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին երկու ամսով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Սամսոնյանն այդ նիստին հայտնել էր հացադուլ սկսելու մասին:
