Միսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծը. «Հայագիտակ»

140 տարի առաջ Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան (Բինկա) գյուղում ծնվեց Միսաք Մեծարենցը, որը պետք է դառնար արևմտահայ պոեզիայի ամենասիրված հեղինակներից մեկը։ Ամաչկոտ ու ներամփոփ պատանին, տեղափոխվելով Սվազ, ապա Պոլիս, սկսեց սովորել Կեդրոնական վարժարանում։

Թեև նա չավարտեց ուսումը, սակայն, հենց այդ տարիներին սկսեց տպագրվել մամուլում, դարձավ ավելի շփվող և նույնիսկ փորձեց ուժերը բեմում։ Ինչպես պատմում է բ.գ.թ., Մանկավարժական համալսարանի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը, Մեծարենցի մուտքը պոեզիա սկզբում սառն ընդունվեց։ Սակայն, ժամանակի ընթացքում նա սիրվեց ռոմանտիզմի երկրպագուների կողմից, իսկ 1907 թվականին լույս տեսան նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։

Մեծարենցը ստեղծեց կյանքն ու բնությունը սիրող ռոմանտիկ անհատի կերպարը՝ յուրովի հակադրվելով իր ժամանակի անկումային գրականությանը։ Նա երազում էր «անանձնական ուրախության» մասին, որը բաժանում էր բոլորին, բայց նախևառաջ՝ «պարզ մարդերուն»։ Ապրելով ընդամենը 22 տարի՝ իր մեղմ ու թովիչ պոեզիայով բանաստեղծն անմահացավ և հավերժական տեղը գրավեց հայ գրականության անդաստանում։

Leave a Comment