Խոսքի համար քրեական պատասխանատվությունն ամենածայրահեղ դեպքերում պետք է ի հայտ գա։ Այնպես չէ, որ բացառված է խոսքի համար քրեական պատասխանատվությունը, բայց պետությունը պետք է հստակ ցույց տա, թե ինչով է խոսքի այդ տեսակը հատել սահմանը և ինչու է անձը ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հայհոյանք հնչեցնելու համար կալանքի տակ։
«Պետք է ոլորտային իրավասու մարմինները ցույց տան, թե ինչով հատեց սահմանը, որ մենք դա համարեցինք քրեական պատասխանատվության ենթակա, և չափանիշը հստակ ցույց տալ, հակառակ պարագայում մենք կարող ենք գործ ունենալ կոլեկտիվ անպատասխանատվության հետ: Սա նաև իմ պահանջն է՝ բացառել հայեցողական ստանդարտները և ցույց տալ այս չափանիշները, որ նաև հանրային հաղորդակցության տեսանկյունից պարզ լինի»,- նշել է նա:
ՄԻՊ-ն իր խոսքում ընդգծել է, որ դատական իշխանությունը դատական ակտով ցույց է տալիս հարցերը, բայց բոլորի մոտ տպավորություն է մնում, որ Հայաստանում կա երկակի արդարադատություն: