Փորձում եք կլոունադա անել. պետծառայողներն, ըստ ձեզ, հաշվետու են, թե ինչի վրա են ծախսում. Սինանյանը՝ պարգևավճարների մասին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչպես է ծախսել իր ստացածխոշոր պարգևավճարը։

«Ի՞նչ հարց է, այսի՞նքն»,- արձագանքեց նա՝ ի պխատասխան լրագրողների դիտարկմանը, որ դա հանրային հաշվետվողականության պահանջ է, և քաղաքացիներն իրավունքն ունեն իմանալ, թե իրենց հարկերի հաշվին պարգևավճար ստացած պաշտոնյան ինչպես է ծախսում այդ գումարները։

«Հա, պետծառայողներն, ըստ ձեզ, հաշվետու են, թե իրենք ինչի վրա են ծախսում… անլուրջ եք, դուք պատկերացում չունեք։ Հարց տվեք, բայց նորմալ հարց»,- ասաց նա։

Հարցին՝ արդա՞ր էր, որ համատարած աղքատության ֆոնին պետական պաշտոնյաները նման բարձր պարգևավճարներ են ստանում, Սինանյանը պատասխանեց՝ որոշողն է որոշել՝ արդար է, թե ոչ։

Իսկ մտածե՞լ է բարեգործություն անել, այդպիսով ժողովրդին հատուցել այն բանի համար, որ այժմ բարձր պաշտոն է զբաղեցնում։

«Բովանդակային հարց կարո՞ղ եք տալ։ Չէ, կլոունադայով չեմ զբաղվի»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչպես են ծախսվում իր հարկերից գոյացած պարգևավճարները, Սինանյանը նախ հայտարարեց՝ լրագրողները հանրություն չեն և հանրության հետ կապ չունեն։

«Հանրության անունից մի խոսեք։ Իմ մայրն էլ է հանրություն, և ինքը չի ուզում իմանալ։ Փորձում եք թատրոն անել, կլոունադա անել. չեմ մասնակցելու։ Բովանդակային հարց ունե՞ք սփյուռքից, Իրանից, Սիրիայից»,- ասաց նա և հեռացավ։

Leave a Comment