Եպիսկոպոսները չեն արձագանքել կանոնական դաշտ վերադառնալու և խնդիրները եկեղեցական ատյաններում քննելու կոչերին․ Մայր Աթոռ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը հարող եպիսկոպոսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղղված հորդորներն ու հրավերները ցայսօր մնացել են անպատասխան և անտեսվել են կանոնական դաշտ վերադառնալու, խնդիրները եկեղեցական ատյաններում քննելու առաջարկները, հայտնում է Մայր Աթոռը։ 

Նշվում է, որ հունվարի 21-ին Հայ եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման շարժման ինքնահռչակ համակարգող խորհրդի անունից տարածվել էր հայտարարություն, որով հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ արվում մոլորեցնել հավատավոր ժողովրդին։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես ցավում է հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրավված կարգալույծներին համախորհուրդ տաս եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար։ Իրականությունն այն է, որ թե՛ անցյալում, թե՛ առավել ևս այսօր հիշյալ եպիսկոպոսների կողմից որևէ կերպ չեն մատնանշվել իրատեսական ճանապարհներ եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ընդհակառակը՝ ակնհայտ ազդեցության ներքո շարունակ փորձեր են կատարում խնդիրները հանգուցալուծելու ոչ կանոնական դատապարտելի ուղիներով»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ Մայր Աթոռի՝ անընդունելի է կասկածի տակ դնել եկեղեցական մարմինների իրավազորությունը, որոնց աշխատանքներին տասնամյակներ շարունակ հիշյալ եպիսկոպոսներից շատերն իրենց մասնակցությունն են բերել, որոշումներ ընդունել և պատասխանատվություն ստանձնել եկեղեցու գործունեության հետ առնչված։ Այս կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ արդեն իսկ պաշտոնապես տրվել են։

Նշվում է, որ իշխանությունների հակասահմանադրական քայլերի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման ճանապարհներից է նաև հրավիրյալ Եպիսկոպոսաց ժողովը, որի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով։

«Եկեղեցական կյանքը հուզող կարևորագույն հարցերը, այդ թվում՝ բարձրաձայնվող խնդիրները, պետք է քննության առնվեն և պատշաճ լուծումներ գտնեն եկեղեցու ընկալյալ կարգի համաձայն, բացառապես՝ եկեղեցական ժողովական մարմիններում։ Հարկ չկա կանխակալ տրամադրություններ ձևավորել և հիմնազուրկ պատճառաբանություններով ու կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները»,- նշված է հայտարարությունում։

Ընդգծվում է, որ եկեղեցական կյանքի վերանորոգումը և զորացումը շարունակական գործընթաց է, որը պահանջում է աղոթական միություն, տևական ու միասնական աշխատանք և ուխտապահություն։

«Հավատարիմ իր Տերունաշնորհ առաքելությանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր եկեղեցական աշխարհասփյուռ կառույցներով իր ջանքերն է բերելու ի նպաստ հայոց անկախ պետականության զորացման, մեր ժողովրդի խաղաղ, բարօր ու առաջընթաց կյանքի»,- հավելել են կառուցից։

Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։ Մայր Աթոռից հունվարի 19-ին փոխանցել էին, որ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ՝ Ազգային-եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր կան ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում:

Պաշտոնական Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում: Վարչապետին միացած եպիսկոպոսները հունվարի 21-ին կոչ էին արել չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը՝ հրաժարվելով մասնակցելուց։ 

Leave a Comment