Քննարկում ենք լրացուցիչ՝ եվրոպական ուղղություն ավելացնելու հարցը դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան:
Այս մասին Կառավարության հունվարի 22-ի նիստում ասել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Անշուշտ, ենթակառուցվածքը զարգացնելու համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան ուղևորահոսք ապահովել: Գյումրու «Շիրակ» օդանավակայանը սպասարկման տեսանկյունից ավիաընկերությունների համար ավելի մատչելի է, և այնտեղ թե՛ ժամանման, թե՛ մեկնման նոր տերմինալներ են կառուցվել: Կարծում եմ՝ այդ օդանավակայանը զարգանալու բավականին մեծ պոտենցիալ ունի»,- ասել է փոխնախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրել է՝ Wizz Air-ը Գյումրիից և դեպի Գյումրի թռիչքներ ունի՞:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պատասխանել է, որ դեպի Լառնակա թռիչք կա, բայց այդ թռիչքը շաբաթը 1 անգամ է:
«Կարիք կա լրացուցիչ խթաններն օգտագործել «Շիրակ» օդանավակայանն ավելի զարգացնելու համար, մանավանդ որ Հյուսիս-հարավն ամբողջությամբ կառուցված է: Ճիշտ նշվեց, որ Երևանի 9-րդ Մասիվից ավելի ուշ ես հասնում օդանավակայան, քան Գյումրիից «Զվարթնոց»»,- ասել է Առուշանյանը:
Փոխվարչապետը հետաքրքրվել է, թե Գյումրի-Լառնակա թռիչքի տոմսն ի՞նչ արժե, մարզպետն ի պատասխան նշել է, որ շատ դեպքերում 20-30 դոլարով հնարավոր է թռչել, ինչը շատ ավելի էժան է, քան տաքսիով Գյումրիից Երևան հասնելը:
ՏԿԵ նախարարի տեղակալը հավելել է՝ երեկ ստուգել է տոմսերի արժեքները, և 17,99 դոլար է եղել Գյումրիից Լառնակա մոտակա ժամանակվա չվերթի գինը:
«Ձմեռային շրջանում նվազեցվել է շաբաթական չվերթների քանակը՝ ելնելով ուղևորահոսքից, բայց ավիաընկերությունը, ապրիլից սկսած, ավելացնելու է շաբաթական չվերթների թիվը»,- եզրափակել է փոխնախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
93 դիտում