ՀՀ քաղաքացիները վճարելու են 1 միլիարդ դոլար, որ Նիկոլ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Թրամփի հետ. արժի՞ որ․ Հայկ Մամիջանյան


Քաղաքականություն


ՀՀ քաղաքացիները վճարելու են մեկ միլիարդ դոլար, որ Նիկոլ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Թրամփի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահի կողմից հրավիրված Խաղաղության խորհրդի անդամ դառնալու համար պետք է 1 միլիարդ դոլար ներդրում արվի։

«Մի քանի երկրի ղեկավարներ այդ հրավերը ստանալուց հետո հրապարակել էին, որ այդ խորհրդին անդամակցելն արժի մեկ միլիարդ դոլար, այսինքն՝  երկիրը ներդրում պետք է անի, որ դառնա այդ խորհրդի անդամ։ Հիմա ՔՊ-ականներն ասացին, թե չգիտեն, ես տրամաբանական հարց եմ տալիս՝ ձեր կարծիքով՝ եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր է, այն երկիրը, որը կներդնի 1 միլիարդ դոլար ու այն երկիրը, որից չեն ուզի ու չի ներդնի, նույն ձայնի իրավո՞ւնք են ունենալու։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։ Եթե գնանք այն տարբերակով, որ Հայաստանը պետք է ներդնի այդ 1 միլիարդ դոլաը՝ ՀՀ բոլոր քաղաքացիները վճարելու են 1 միլիարդ դոլար, որ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Թրամփի հետ, լավ թանկ են նստում մեր վրա, 60 միլիոնի կարգի նստեց «ՍՈՒ»-երի հետ սելֆին, որոնք մի վայրկյան չեն օգտագործվել, միակ օգուտը եղել է սելֆին»,- նշեց նա։

Մամիջանյանը հարց ուղղեց ՀՀ քաղաքացիներին՝ մի անգամ 60 միլիոնի կարգի վճարել ենք Փաշինյանի սելֆիի համար, հիմա մեկ միլիարդ վճարե՞նք։

«Արժի՞ որ։ Այդքան սիրո՞ւն է, իմ կարծիքով՝ չէ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։


Leave a Comment