Պաշտպան․ Հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Պաշտպան․ Հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

22 հունվարի 2026 – 11:56 AMT

PanARMENIAN.Net – 13 օր հաղադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի պաշտպան, Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

«Հունվարի 21-ի ուշ երեկոյան նորից տեսակցեցի 13 օր հացադուլի մեջ գտնվող, 69 օր ապօրինի կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանին: Տեսակցության ընթացքում պարբերաբար գլխապտույտներ էր ունենում, հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, տևական ժամանակ գլխապտույտը չէր դադարում: Կանչեցինք բուժքրոջը, չափեց ճնշումը, ասաց՝ վիճակը հացադուլի հետևանքն է: Չգիտենք՝ ինչպե՞ս է Նարեկը գիշերն զգացել պատժախուց-մենախցում և ի՞նչ վիճակում կլինի այսօր՝ հացադուլի 14-րդ օրը:

Նարեկը հացադուլից զատ նաև առողջական խնդիրներ ունի, նրան շտապ վիրահատական միջամտություն է ցուցված և արդեն մեկ շաբաթ է սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծմանը»,-ասվում է գրառման մեջ:

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է, որ Հայաստանում մարդասիրության սկզբունքի ճգնաժամ է:

Ըստ նրա՝ մարդասիրության նվազագույն պայմաններում անհապաղ նիստ կնշանակվեր հենց դատարանի նախաձեռնությամբ և նման հիմքերով ու պայմաններով կիրառված կալանքը կվերացվեր:

«Քաղաքական հետապնդումները ոչ միայն սահմանափակվում են անձանց ապօրինի մեղադրանքների ներկայացմամբ, այլ պարտադիր ուղեկցվում են կալանքներով: Ազգային բարերարի, սրբազանների, հանրային ճանաչում ունեցող անձանց քաղաքական հետապնդումների պարտադիր պայման է կալանքը: Ավելին, կալանքներն ամիսներով՝ տևող են:

Իրականության մեջ նվազագույն իրավական հիմնավորում չունեցող են և դա գիտեն՝ միջնորդողները, պահանջողները և հաստատող դատավորները: Նարեկը և Վազգենն ամիսներով կալանավորված են: Ակնհայտ է, որ իրենց նկատմամբ կալանքը բացառապես ռեպրեսիվ նպատակ է հետապնդում, մինչդեռ մարդասիրության սկզբունքը պահանջում է իրավունքի գերակայություն, որը նշված բոլոր դեպքերով տապալված է: Նարեկի հացադուլն այլևս 13 օր տևում է: Գործը գտնվում է դատարանի վարույթում:

Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա:

Դատավորը հունվարի 9-ին նիստին բավարարել է դատախազի՝ հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը ևս երեք ամսով երկարացնելու միջնորդությունը, ինչից հետո Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին:

Leave a Comment