ՀՀ-ն 150 մլն դոլար վարկ կվերցնի ԱԶԲ-ից՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար

ՀՀ կառավարությունը 150 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից՝ 2025 թվականի պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով։ Նախագծին կառավարությունը հավանություն տվեց հունվարի 22-ի նիստում։

Նշվում է, որ ֆինանսների նախարարության այս նախաձեռնությունը միջազգային գործընկերներից ակնկալվող 675 մլն դոլար ընդհանուր աջակցության փաթեթի մի մասն է։

Ծրագրի բնույթն ու հիմնական ուղղությունները ներառում են երեք բաղադրիչ, որոնցից առաջինը պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացումն է, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդումը:

Երկրորդ ուղղությունը շուկայի ենթակառուցվածքների կատարելագործումն է՝ պետական արժեթղթերի և դրամական շուկայի ենթակառուցվածքների բարելավումը: Նախարարությունից, որպես նպատակ, նշել են նաև ներդրումային միջավայրի ընդլայնման մասին։ Մասնավորապես առանձնացրել են ֆինանսական գործիքների և ներդրողների շրջանակի մեծացումը, ընկերությունների թափանցիկության և կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացումը:

Վարկավորման տեխնիկական պայմանների համաձայն՝ վարկային միջոցները տրամադրվում են 15 տարի ժամկետով, որից 3 տարին արտոնյալ էր։ Մայր գումարի մարումները պետք է իրականացվեն սկսած 2029 թվականից:

Հունվարի 21-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել էր, որ կառավարությունը պետական պարտքը սպասարկելու հարցում խնդիր չունի։ Հովհաննիսյանը հավելել էր, որ եթե ավելի վաղ ենթադրվում էր, որ 2025 թվականի վերջին կառավարության պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 50%-ը, ապա այժմ այն, ըստ հաշվարկների, կկազմի մոտ 48,7%-ը։

2025-ին նախարարը նշել էր, որ Հայաստանի պետական պարտքը 2018-ից ի վեր ոչ թե կրկնապատկվել, այլ ավելացել է 80%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը 2025-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել էր 13 մլրդ 852 մլն 137 հազար դոլար (ՀՆԱ-ի կեսից մի փոքր ավելին – խմբ․)։ Արտաքին պարտքը կազմել էր 6,94 մլրդ դոլար, ներքինը՝ 6,908 մլրդ դոլար։

Leave a Comment