22 հունվարի 2026 – 11:13 AMT
PanARMENIAN.Net – Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով TRIPP-ի վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, անդրադարձել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի քննադատությանը TRIPP-ի 74 տոկոսն ԱՄՆ-ին տրամադրելու վերաբերյալ:
«Նախկին արտգործնախարարներից մեկն ասում է՝ դե ողորմելի է, 74 տոկոսը տվել են, 26 տոկոսն են իրենց պահել: Հիմա այդ մարդը, որն ասել է, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տոկոս տվել ենք ուրիշին. ուշադրություն, իր՝ ԱԳ նախարար լինելու շրջանում «Գույք՝ պարտքի դիմաց» 5 ձեռնարկություն ոչ թե 74 տոկոսով, 100 տոկոսով տվել ենք այլ պետության»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Միրզոյանը մատնանշել է, թե Վարդան Օսկանյանի պաշտոնավարման ընթացքում ինչ ակտիվներ են ամբողջությամբ հանձնվել այլ պետությանը։
«ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20 տոկոսը 2013 թվականի փետրվարին. վերջին 20 տոկոսով էլի 100 տոկոսով տվել ենք այլ պետության: Մի խողովակ էինք գցում Իրանից գազի համար, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այդ նույն պետությանը, մի կտորն էլ էլի տվեցին այդ պետությանը: Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը 100 տոկոսով, ոչ թե 74 տոկոսով տվեցին ուրիշ պետության: ՀԷՑ-ը՝ «Ինտեր ՌԱՕ»-ին. կարծեմ ոչ թե 74 տոկոսով, այլ՝ 100 տոկոսով: Հիմա այս պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ»,- ասել է նա:
Անդրադառնալով նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, թե Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով մարդիկ են ձերբակալվում, Միրզոյանը նշել է, որ դա սխալ տեղեկություն է:
«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, այդպիսի հիմքով՝ քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար, Հայաստանում չկա։ Եթե նույնիսկ էդպես լիներ, ապա այդ մասին խոսք ասելը, մեկնաբանելը կլինեին ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն։ Եկեք ամեն մեկն իր ներքին գործերի վրա կենտրոնանա»,- նշել է նախարարը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։