Փաշինյանը մեկնել է Դավոս՝ ստորագրելու «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը

Փաշինյանը մեկնել է Դավոս՝ ստորագրելու «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը

22 հունվարի 2026 – 10:13 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։

Հունվարի 22-ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը՝ ԱԳՆ-ին հանձնարարվել է կազմակերպել կանոնադրության ստորագրումը:

Նախագծին կից որևէ հիմնավորում չի ներկայացվել:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի համաժողովին: Այնտեղ էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին և մասնակցության հրավեր ուղարկել մոտ 60 երկրի ղեկավարների, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հրավերն ընդունածների թվում է նաև Ադրբեջանը:

Leave a Comment