Թրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը փետրվարի1-ին նախատեսում էր եվրոպական երկրների դեմ լրացուցիչ մաքսատուրքեր կիրառել Գրենլանդիայի պաշտպանությանը մասնակցելու համար, նախօրեին հայտարարել է, որ առայժմ չի կիրառի դրանք։

Այս հայտարարությունը Թրամփն արել է իր Truth Social սոցիալական ցանցում՝ Դավոսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո։

«Հիմք ընդունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման արդյունքները՝ մենք ձեւակերպել ենք ապագա գործարքի շրջանակները՝ կապված Գրենլանդիայի եւ, փաստացի ողջ արկտիկական տարածաշրջանի հետ»,- գրել է Թրամփը։
«Այս համաձայնությունը, եթե վերջնականապես ձեւակերպվի, կլինի գերազանց համաձայնություն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառելու այն մաքսատուրքերը, որոնք նախատեսվում էր ներդնել փետրվարի 1-ից»,- գրել է նա։

BBC- ն հաղորդում է, որ ԱՄՆ բանակցություններ է վարում «Ոսկե գմբեթի» եւ Գրենլանդիայի շուրջ։ «Ոսկե գմբեթը» լայնամասշտաբ հակահրթիռային պաշտպանության համակարգ է, որի շինարարության մեկնարկի մասին Թրամփը հայտարարել էր անցյալ տարի։

ԱՄՆ նախագահի խոսքով` հետագա բանակցություններով կզբաղվեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ այլ պաշտոնյաներ։

Թրամփի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը տեղի է ունեցել Դավոսի ֆորումի շրջանակներում։

ԱՄՆ նախագահը CNBC հեռուստաընկերությանն ասել է, որ այժմ բանակցությունների սեղանին է «գործարքի հայեցակարգը», եւ այն համապատասխանում է Գրենլանդիայի հարցով իր նպատակներին։

Leave a Comment