Ադրբեջանից Իսրայել նավթի առաքումները 2025 թվականին հասել են վերջին երեք տարվա ամենաբարձր մակարդակին, հայտնել է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ թուրքական պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրը դադարեցվել է 2024 թվականի հունիսին, այն բանից հետո, երբ Անկարան արգելք է սահմանել՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված գործողության պատճառով։
Թուրքիան չի վերահսկում, թե որտեղ է վաճառվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով մղվող ադրբեջանական նավթը, սակայն 2024 թվականի նոյեմբերին Անկարան հայտարարել է, որ խողովակաշարն օգտագործող արտահանողները «հարգում են Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու իր որոշումը» և որ որպես նպատակակետ Իսրայելում նավթ չի բեռնվում։
Սակայն, ըստ Kpler-ի վերլուծաբանների, Իսրայելի կողմից Ջեյհանից ադրբեջանական նավթի ներմուծումը 2025 թվականին տարեկան աճել է 31%-ով՝ հասնելով օրական 94,000 բարելի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականից ի վեր։ Մատակարարումների ավելացման արդյունքում Ադրբեջանն ավելի է մեծացրել իր առավելությունը Ռուսաստանի նկատմամբ, որը Իսրայելի երկրորդ խոշորագույն նավթի մատակարարն է։
Ջեյհանից Իսրայել նավթ մատակարարելու համար մեկնող նավերը սովորաբար անջատում են իրենց հետևելու համակարգերը և ծովային իշխանություններին հայտնում այլ ուղղությունների մասին, ինչի արդյունքում բեռնափոխադրումները չեն գրանցվում, հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով Kpler-ի և Vortexa-ի վերլուծաբաններին։
Որպես օրինակ նրանք բերում են Valfoglia տանկերը, որը հունվարի 7-ին Ջեյհան նավահանգստում բեռնվելուց հետո Իսրայելում բեռնաթափել է 680,000 բարել ադրբեջանական նավթ։ Ինչպես նաև «Քիմոլոս» լցանավը, որը դեկտեմբերի 31-ին Ջեյհանում բեռնել է ադրբեջանական նավթ և հունվարի 1-ից 5-ը ավտոմատ հետևման համակարգը անջատելուց հետո, հունվարի 4-ին բեռնաթափել է այն Իսրայելի Աշկելոն նավահանգստում։
Գործակալության հարցմանը ի պատասխան՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը մեջբերել է 2024 թվականի մի հայտարարություն, որում նշվում է, որ պետական խողովակաշարային օպերատոր BOTAS-ը չի մասնակցել ադրբեջանական նավթի վաճառքին։
Ըստ Kpler-ի՝ 2025 թվականին ադրբեջանական նավթը կազմել է Իսրայելի նավթի ներմուծման 46.4%-ը, ինչը ամենաբարձր մակարդակն է վերջին տասնամյակում և զգալիորեն գերազանցում է Ռուսաստանի մոտ 28%-ի բաժինը։
2025 թվականի հունիսին լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ադրբեջանը խոստացել է Իսրայելին շարունակել նավթ մատակարարել երկրին, ՝ չնայած նախորդ տարի վաճառքի պաշտոնական դադարեցմանը։
