«Մենք մի երկրի քաղաքացիների ներկայացուցիչներն ենք, որտեղ ամեն հինգերորդը աղքատ է, որտեղ դեռևս կան ծայրահեղ աղքատ մարդիկ, խոսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, բայց գներն այնքան են աճել, գնաճը այնպիսին է, որ մոտ 6000, 7000 դրամով գնաճը ավելի է, քան նվազագույն աշխատավարձը։ Էլ չեմ ասում, որ դուք 8 միլիարդով պետական պարտքն ավելացրած կառավարություն եք, մեր թոռների ուսերին դրած պարտքով պարգևավճար տալն իսկապես սոցիալական անարդարություն է»,- ԱԺ-ում իր խոսքի մեջ դիմելով Կառավարության ղեկավարին` ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հարցին Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ-ում 53 հազար ընտանիք ձեռք է բերել հիփոթեքային վարկով բնակարան: Բոլոր այդ ընտանիքների պարտքը տասնապատկվել է, բայց դրա արդյունքում այդ ընտանիքների բարեկեցությունը ոչ թե նվազել է, այլ աճել:
Եկեք գնանք ցանկացած քաղաքացու գործը նայենք, իրեն հարցնենք. իր պարտքը տասնապատկվել է, բա այդ մարդկանց ընտանիքները ինչո՞ւ չեն «հրաժարական» տալիս, իրենք իրենց ընտանիքի դե՞մ են գործել: Բոլոր նրանք, ովքեր վարկով տուն են ձեռք բերել, իրենց եկամուտները աճել են: Իրենք գիտեն, որ իրենց` տուն ձեռք բերելը իրենց հասանելի է: Բայց իրենք իրենց 40 տարվա ծախսը չեն ուզում անել միանգամից, անում են կտոր-կտոր: Ժամանակակից տնտեսական կարգի մեջ դա կարևոր և անբաժանելի բան է»: