Փաշինյան․ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար

Փաշինյան․ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար

21 հունվարի 2026 – 18:44 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար: Նա այդպես է պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, հայտնում է Արմենպրեսը:

«Միանշանակ և աներբկա Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար, նույն պայմաններով օգտվելու են և արտահանման, և ներմուծման հնարավոր պայմաններից»-նշել է Փաշինյանը:

Նա ասել է նաև, որ Հայաստանն արդեն ստացել է փոխադարձ առավելությունների մի մասը՝ բենզինի գինը 20 տոկոսով նվազել է, հայտնում է Aysor.am-ը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ որոշ ապրանքների ներմուծումն արդեն ընթանում է, ինչը փաստում է համագործակցության կիրառական մակարդակի մասին։

«Ցորեն է ներկրվում Հայաստան, դա փոխադարձ առավելություն չէ՞։ Հիմա Ադրբեջանում հետևում են, ասում են՝ հետաքրքիր է՝ Հայաստանի խորհրդարանում մեկը կնկատի՞, որ փոխադարձ առավելության մի մասն արդեն իսկ ստացվել է»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք իրենց երկրի տարածքով միջանցքներ են տրամադրել Հայաստանին։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment