Անդրեասյանը հերքել է Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի կապը պետական ֆինանսավորման հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերքել է Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի կապը պետական ֆինանսավորման հետ։ Այս մասին նախարարը հայտարարել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով ֆեդերացիայի՝ հունվարի 20-ին հրաժարական ներկայացրած Գագիկ Սարգսյանի որոշմանը։

Սարգսյանը պաշտոնից ազատվելու իր ուղերձում, որպես պատճառ, նշել էր, որ նախարարությունը չի ֆինանսավորել ֆեդերացիային, ինչի հետևանքով, նրա խոսքով, հայ մարզիկները դուրս էին մնացել մի շարք մրցաշարերից։

Նախարարը հակադարձել է՝ նշելով, որ սպորտի ֆինանսավորումը Հայաստանում աճել է։

«Մասնավորապես, Դահուկային սպորտի ֆեդերացիայի աջակցությունը 2025 թվականին ավելացել է 18%-ով, իսկ մասսայական սպորտին այս տարի հատկացվել է 5,5 մլրդ դրամ»,- նշել է նախարարը։

Սարգսյանի հրաժարականը հաջորդել էր միջազգային մրցաշարում տեղի ունեցած միջադեպին։ Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը Իտալիայում մրցումից առաջ, տեսնելով «Ադրբեջան» գրությունը մարզահագուստի վրա, ժապավենով փակել էր այն։ Նա հայտարարել էր, որ իր արժանապատվությունը, հայրենիքն ավելի վեր են։ Հայ մարզիկին իր քայլի համար տուգանել էին, Սարգսյանը հայտնել էր, որ տուգանքը կվճարի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։

Կարդացեք նաև՝ 

Իմ արժանապատվությունը, հայրենիքն ավելի վեր է․ հայ դահուկորդը՝ «Ադրբեջան» բառը փակելու մասին

Եթե որևէ մեկը մտածում է, որ «Ադրբեջան» բառը չպետք է փակեի, ամենաանարժան մարդը կլինեի. հայ դահուկորդ

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Դահուկային միջազգային ֆեդերացիային հայ մարզիկի գործողության վերաբերյալ

Leave a Comment