Անհատ ձեռներեցները և վարձու աշխատողները Առողջության համընդհանուր ապահովագրության պարտադիր վճարները և հարկային պարտավորությունները տարբեր ձևաչափով են կատարելու, սակայն 2027 թվականից կքննարկենք մաս-մաս վճարելու տարբերակը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։
Այսպես նա արձագանքել է հարցին, թե ինչու են ԱՁ-ները ապահովագրության ամբողջ վճարումը ստիպված իրականացնել մինչև այդ տարվա ապրիլի 20-ը, երբ վարձու աշխատողն այն վճարում է տարվա ընթացքում։
Ըստ նախարարի՝ պարտավորության հետ կապված նույն տրամաբանությունն են ընտրել, ինչպես որ նախորդիվ վարձու աշխատողների տարբերակում եկամտահարկի վճարումը։
«Անհատ ձեռնարկատերերի համար նույն Զինապահին ուղղվող գումարները ևս այս տրամաբանությամբ են հավաքագրվել և վճարվել տարին մեկ անգամ, ընդհանուր տարեկան հաշվետվողական ցիկլը ավարտելուց հետո մինչև ապրիլի 20-ը, և այս առումով էլ նմանատիպ մեխանիզմ է գործարկվել առողջության ապահովագրության շրջանակներում»,- նշել է նա։
ՀՀ կառավարությունը 2023-ի փետրվարին հաստատել էր համակարգի ներդրման հայեցակարգը։ 2025թ. հոկտեմբերի 1-ին Առողջապահության նախարարը հայտարարել էր 2026 թվականից պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկման մասին։ Նոյեմբերի 8-ին Ավանեսյանը հայտնել էր, որ առողջության ապահովագրության համակարգին 2026-ից կմիանան 200 000 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։
