Ո՞րն է Հայաստանի անվտանգային ապագա միջավայրը




1in.am  Մերձավոր Արևելքը տեսանելի ապագայում կարող է հայտնվել ռազմա-քաղաքական երկու «եռյակի» դիմակայության գոտում: Տեղեկությունը, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը «պաշտպանական համաձայնագիր» կստորագրեն, կարծես, շատ մոտ է իրականությանը: Թուրքական մամուլը մեջբերել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի դիտարկումը, որ «վերջապես իսլամական աշխարհն արթնանում է» և մեկնաբանել. «Սաուդյան Արաբիան այդ աշխարհի ֆինանսական առաջատարն է, Պակիստանը՝ նրա միջուկային վահանը, իսկ Թուրքիան՝ ուղեղային կենտրոնը»:


 


Իշխանամետ Turkiye պարբերականը բավական թափանցիկ նկատել է տվել, որ թուրքական արտադրության նորագույն հրթիռներն ունեն «հազար կիլոմետր հեռահարություն և ունակ են միջուկային մարտագլխիկներ կրել»: Պարզ հասկացվում է, որ Թուրքիան հզորացրել է հրթիռային զինանոցը, որպեսզի պակիստանյան միջուկային մարտագլխիկները «տեղ հասցնի», իսկ այդ ծրագրի ֆինանսական հովանավորը Սաուդյան Արաբիան է: Ըստ թուրքական աղբյուրների, ներկայումս քննարկվում է «պաշտպանական համաձայնագրին» Կատարի և Ադրբեջանի ներգրավվածության հարցը:


 


Թուրքիայի «Անադոլու» պետական գործակալությունը բավական ընդարձակ վերլուծական է հրապարակել, որ «մասնակի խմբագրմամբ» տեղ է գտել նաև Ադրբեջանի իշխանական մամուլում: Ըստ այդմ, Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը «գրեթե վերջնական համաձայնության են հասել և մոտ ապագայում կհայտարարեն «եռյակ դաշինք» ստեղծելու մասին»: Հրապարակման աղբյուրն, ամենայն հավանականությամբ, Թուքիայի հատուկ ծառայություններ են: Ըստ այդմ, «թուրք-իսրայելա-կիպրոսյան արագ արձագանքման ուժերը կտեղաբաշխվեն Կիպրոսում»:


 


Համատեղ զորախմբում կընդգրկվի կողմերի հատուկ նշանակության զորքերից 2500 զինծառայող: Ընդ որում, Իսրայելը և Հունաստանը կունենան 1000 զինվորականի, Կիպրոսը՝ 500-ի ներգրավվածություն: Արագ արձագանքման զորախումբը «կունենա ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի գերարդիական միջոցներ»: Թուրքական պետական լրատվամիջոցը գնահատում է, որ «ամեն ինչ արվում է, որպեսզի Միջերկրականի արևելյան հատվածում, Սիրիայում, Լիբանանում և Աֆրիկայի հյուսիսում ու արևելքում Թուրքիայի ռազմավարական նշանակության բոլոր տեղաշարժերը վերցվեն հուսալի հսկողության տակ»:


 


Անշուշտ, վաղ է ասել, թե Պակիստան-Թուրքիա- Սաուդյան Արաբիա «պաշտպանական համաձայնագիրը» և Հունսաստան-Կիպրոս-Իսրայել «եռյակ դաշինքը» կայացած ռազմական բլոկներ են, բայց նման հեռանկարի ուրվագծումը, այն էլ Թուրքիայի պետական գործակալության վերլուծականի միջոցով, վկայում է կանխածրագրերի գոյության և այդ ուղղությամբ գործնական քայլերի անցնելու մեծ հավանականությունը: Ադրբեջանի պարագան, երևի թե, պարզ է. Բաքուն առնվազն սերտ կհամագործակցի Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ: Ո՞րն է Հայաստանի անվտանգային ապագա միջավայրը: Առաջիկա մի քանի տարիներին ՀԱՊԿ-ը կարող է փլուզվել: Միջազգային հեղինակավոր փորձագետները չեն բացառում անգամ ՆԱՏՕ-ի «մահը»:


 


 


Leave a Comment