Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը

21 հունվարի 2026 – 17:01 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տարածքային տեսուչները ստուգում են իրականացրել «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Երևան, Շարուրի փողոց)՝ որի ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ։

Մասնավորապես, արձանագրվել է, որ արտադրամասի պատերը վնասված են, պատերի ծածկույթը պատրաստված չէ ջրակայուն, լվացվող և ախտահանման ենթակա նյութերից։ Առաստաղների կառուցվածքը թույլ չի տալիս կանխել կեղտի կուտակումը, իսկ դրանցից մասնիկների ընկնելու հավանականությունը ևս նկատվել է։ Բացի այդ, բացվող ներքին պատուհանները չեն եղել միջատապաշտպան ցանցերով ապահովված։

Վերահսկիչները նշել են, որ արտադրամասի դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից և ունեցել են վնասված ու կոռոզիայի ենթարկված հատվածներ։

Բացի կառուցվածքային թերություններից, թերություններ են հայտնաբերվել նաև արտադրական գծում օգտագործվող գույքի վերաբերյալ․ հումքի մշակման սեղանների կողային հատվածները, ինչպես նաև հացի պահման ու եփման դարակաշարերը, որոնք շփման մեջ են սննդամթերքի հետ, պատրաստված չեն եղել սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան նյութերից և չեն գտնվել բարեկարգ վիճակում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ իր ղեկավարի որոշմամբ «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Ընկերությանը սահմանվել է վերջնաժամկետ՝ բոլոր հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով։

Leave a Comment