Վերջին օրերին «Հարրի» ցիկլոնը վնասներ է հասցրել Հարավային Իտալիային՝ ստիպելով քաղաքացիական պաշտպանության մարմիններին կարմիր տագնապ հայտարարել Սիցիլիայում, Սարդինիայում և Կալաբրիայում, հայտնում է Euroweeklynews-ը։
Նշվում է, որ փոթորիկը հանգեցրել է զանգվածային տարհանումների և առօրյա գործունեության չեղարկման․ ուժգին քամիներն ու անդադար տեղումները տարածաշրջանը պահում են բարձր պատրաստվածության ռեժիմում, իսկ ծովը ներխուժում է առափնյա գոտիներ։
Ցիկլոնի ուժգնությունը հատկապես տեսանելի է ջրերում։ Սիցիլիայի Մաձարա դել Վալլո քաղաքում գրանցվել են ավելի քան 8 մետր բարձրությամբ ալիքներ, իսկ Կատանիայում ծովի ալիքների բարձրությունը գերազանցել է 5 մետրը։
Նշվում է, որ Մեսինայի շրջանում ազդեցությունն այնքան ուժեղ է եղել, որ Սանտա Թերեզա դի Ռիվայի ծովափնյա զբոսայգու մի հատված ամբողջությամբ փլուզվել է։ Սիցիլիայում ջուրը մեծ քանակով ողողել է փողոցները։
