ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հակադարձել է Թրամփի կասկածներին, թե արդյոք եվրոպական դաշնակիցները կպաշտպանեն ԱՄՆ-ն, եթե գործի դրվի հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը: Նա հայտարարել է, որ դրանում կասկած լինել չի կարող՝ որպես օրինակ նշելով սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, երբ Եվրոպան անմիջապես օգնության հասավ Ամերիկային:
Ռյուտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն դեռևս մեծապես կախված է Միացյալ Նահանգներից՝ նշելով, որ ԵՄ երկրներին բաժին է ընկնում դաշինքի ՀՆԱ-ի ընդհանուր ծախսերի միայն 25%-ը: Այդ պատճառով, ըստ նրա, ԱՄՆ-ն մնում է դաշինքի առանցքային հենասյունը:
Նա հրաժարվել է հրապարակավ մեկնաբանել Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ նման հարցերը լուծվում են կուլիսների ետևում, սակայն համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելին անի Արկտիկան ռուս-չինական սպառնալիքից պաշտպանելու համար:
Ռյուտեի խոսքով՝ ՆԱՏՕ-ի իրական առաջնահերթությունը Ուկրաինան է: Նա նախազգուշացրել է, որ Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքներին՝ չնայած ծանր կորուստներին: Նա դաշնակիցներին կոչ է արել չշեղել ուշադրությունը և շեշտել, որ Ուկրաինային անհրաժեշտ է տևական աջակցություն՝ եվրոպական պաշտպանական արտադրության հզորացմանը զուգահեռ՝ ապագա սպառնալիքներին դիմակայելու համար:
