Ռուսաստանում համապատասխան ծառայությունները կվերլուծեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Միացյալ Նահանգների մոտ զենքի առկայության մասին, որի մասին «ոչ ոք չգիտի» և համապատասխան պարզաբանումներ կտան: Այս մասին տեղեկացնում է RBC-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Նրա խոսքով՝ ռուսական հատուկ ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը, և այս դեպքում պետք է պարզաբանումների սպասել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գրավման ժամանակ ԱՄՆ-ի կողմից հիպերձայնային զենքի կիրառման մասին հարցին, հայտարարել էր, որ Վաշինգտոնն ունի զենք, որի գոյության մասին ոչ ոք չգիտի:
Հունվարի 10-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը X սոցիալական ցանցում հարցազրույց էր հրապարակել Մադուրոյի թիկնապահ ներկայացած մարդու հետ։ Նա պնդում էր, որ ականատես է եղել Վենեսուելայի նախագահի առևանգմանը ամերիկացի զինծառայողների կողմից, ովքեր, իբր, օգտագործել են անսովոր զենք, որը նման է հզոր ձայնային ալիքի:
ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելայի, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասի ուղղությամբ, որից հետո Թրամփը հայտարարել էր նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակակելու և նրանց երկրից դուրս բերելու մասին:
