21 հունվարի 2026 – 15:36 AMT
PanARMENIAN.Net – «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հանքում արդեն մի քանի օր է գործադուլ է՝ մոտ 50 աշխատակից աշխատավարձի բարձրացում է պահանջում, տեղեկացնում է «Ազատությունը»:
Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը հանդիպել են ձեռնարկության ղեկավարության հետ։ Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը հայտնել է, որ քննարկվում են ներկայացրած պահանջները:
Կոմբինատի արտաքին կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանը նշել է, որ ներկայումս ընթանում են բանակցություններ գործադուլավորների հետ՝ պարզելու նրանց պահանջների բնույթը։ Ըստ նրա՝ աշխատավարձի բարձրացման հարցում վերջնական դիրքորոշումը կձևավորվի բանակցային փուլն ավարտելուց հետո։
Միևնույն ժամանակ, գործադուլի ֆոնին ընկերությունը իր պաշտոնական էջերում երեկ հրապարակել է հայտարարություն, որով աշխատանքի է հրավիրում հորատող բանվորների՝ ակնհայտորեն փորձելով լրացնել ստեղծված վակուումը։