Քաղաքացին պնդում է՝ փոսի հետևանքով է իր մեքենան վթարվել, քաղաքապետարանը մերժել է փոխհատուցել

Երևանի քաղաքապետարանը մերժել է քաղաքացի Նաիրա Ավագյանի դիմումը, որով վերջինս փոխհատուցում էր պահանջել 2025 թվականի հոկտեմբերի 30-ին Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իր ավտոմեքենային պատճառված վնասի համար։

Factor.am-ը տեղեկանում է, որ դիմումատուն պնդել էր, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի հատվածում փոսի առկայության և գիշերային լուսավորության բացակայության պատճառով, ինչի հետևանքով վնասվել է իր «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենան։ Վնասի չափը գնահատվել էր շուրջ 3 միլիոն 250 հազար դրամ։

Քաղաքապետարանից, այնինչ, հայտնում են, որ իրենց կողմից իրականացված վարչարարության շրջանակում ուսումնասիրելով ոստիկանության կազմած արձանագրությունները, փորձագիտական եզրակացությունները և լսումների ընթացքում ներկայացված փաստարկները՝ պարզվել է, որ վթարի անմիջական պատճառը եղել է վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը։ Մասնավորապես՝ փորձաքննության համաձայն, «Nissan Sentra»-ի վարորդը ձախ մանևր կատարելիս ճանապարհը չի զիջել ուղիղ երթևեկող ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախում։

Քաղաքապետարանը նշել է, որ դիմումատուն չի ներկայացրել բավարար ապացույցներ՝ վթարի և ճանապարհի վիճակի, ինչպես նաև լուսավորության բացակայության միջև պատճառահետևանքային կապը հաստատելու համար։ 

«Ինչպես նաև առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված է պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը»,- նշված է Երևանի քաղաքապետի որոշման մեջ։

Նշվում է նաև, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերահսկողությունը վերապահված է ոստիկանությանը, և տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը չի հանդիսանում վնասի փոխհատուցման համար իրավասու պատասխանատու մարմին։

Արդյունքում քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նաիրա Ավագյանի՝ վնասի հատուցման պահանջը մերժվել է։ 

Արփի Հակոբյան

 

Leave a Comment