ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսները, որոնք պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը, կոչ են անում չեղարկել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը: Եկեղեցու «բարենորոգման» համակարգող խորհրդի անդամները հայտարարել են, որ չեն մասնակցելու:
Ժողովը նախատեսված է փետրվարի 16-19-ին՝ Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում։ Բարձրաստիճան հոգևորականները հունվարի 21-ին հանդես են եկել հայտարարությամբ և նշել, որ իրենք հրավեր են ստացել մասնակցելու, սակայն Եպիսկոպոսաց ժողովը խնդրահարույց են համարում: Որպես պատճառ՝ նրանք նշել են, որ այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն «անվավեր կառույց է», քանզի այն ընտրվել էր 2017թ․ եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից չորս տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021թ․։
«Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են կաթողիկոսի գահն զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն»,- շեշտել են Փաշինյանին միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները։
Բացի այդ, նրանք ընդգծել են, որ Գարեգին Բ վեհափառի նստավայրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, և դրսում ժողով գումարելու որոշումը հիմնավորված չեն համարել։ Ըստ հոգևորականների՝ ՀՀ վարչապետի և այլ անձանց՝ ՀԱ եկեղեցու վերաբերյալ բարձրացված հարցերը մնացել են անարձագանք, այդ թվում՝ կաթողիկոսի հասցեին հնչեցված լուրջ մեղադրանքները, նրա հետ հանդիպելու և հարցը քննարկելու վարչապետի առաջարկը:
«Նման իրավիճակում Բարենորոգման համակարգող խորհրդի բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցելու Ավստրիայում նախատեսված ժողովին»,- ասված է հայտարարության մեջ:
Հոգևորականները կոչ են անում ժողովը չեղարկելուց բացի իրատեսական ճանապարհներ գտնել՝ «վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև, «չենթարկվել Մայր Աթոռի վերնախավում դեռևս գործող ապազգային, օտար ուժերին ծառայող, Հայ եկեղեցին պառակտող և հակապետական խմբակի սադրանքներին»:
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։ Մայր Աթոռից հունվարի 19-ին փոխանցել էին, որ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ՝ Ազգային-եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր կան ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում:
Պաշտոնական Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում:
