Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին Խաղաղության խորհրդին միանալու հրավերի համար

Քաղաքականություն

21.01.2026 | 14:18

ԱՄՆ-ի և Ադրբեջանի  նախագահներ Դոնալդ Թրամփն ու Իլհամ Ալիևը նամակներ են փոխանակել Գազայի Խաղաղության խորհրդի ստեղծման վերաբերյալ։ Նախ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ հրավիրելով միանալ խորհրդին։ Այն նույնաբովանդակ է տարբեր երկրների ղեկավարիներին ուղղված նամակներին։

Ալիևը պատասխան նամակ է հղել Թրամփին՝ շնորհակալություն հայտնելով։

«Շնորհակալություն եմ հայտնում՝ Ադրբեջանի Հանրապետությանը Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու հրավեր ուղարկելու համար։ Ես ընդունում եմ այս հրավերը՝ որպես փոխադարձ հարգանքի վրա հիմնված Ադրբեջանի  և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ գործընկերության նշան, ինչպես նաև որպես տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում խաղաղության և կայունության խթանման գործում Ադրբեջանի դերի ճանաչում։ Ադրբեջանի Հանրապետությունը միանում է Խաղաղության խորհրդին՝ կիսելով նրա ազնիվ առաքելությունը՝ վերջ դնել Գազայի հատվածում հակամարտությանը և կառուցել ավելի անվտանգ և բարգավաճ ապագա այս երկարատև հակամարտությունից տուժած բոլորի համար»,- նշվում է նամակում։

Ալիևը հավատում է, որ Խաղաղության խորհուրդը կդառնա արդյունավետ միջազգային կազմակերպություն և հաջողությամբ կիրականացնի իր առաքելությունը։ Նա երախտագիտություն է հայտնել Թրամփին՝ հեռատես առաջնորդության և խաղաղությունը խթանելու ջանքերի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment