21 հունվարի 2026 – 14:22 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հրավիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման խորհրդին միացած եպիսկոպոսներին մասնակցելու փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին։
Դրան ի պատասխան տարածած հայտարարության մեջ Փաշինյաին միացած հոգևորականները կոչ են արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը: Կոչ է արվում նաև «իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև»:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017թ․ եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից չորս տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021թ․։ Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։
Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինն է, որը Հայ եկեղեցու Նվիրապետության կենտրոնն է՝ ճանաչված և՛ Քրիստոնյա աշխարհի, և՛ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների կողմից։ Որպես Մայր Եկեղեցու հոգևոր կենտրոն, այստեղ են ձեռնադրվել բոլոր եպիսկոպոսները։ Իր անկախությունն ամրապնդող ՀՀ պայմաններում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել, և այդ որոշումը հիմնավորված չէ։ Որևէ մեկն իրավունք չունի նման կարևոր ժողովն օտար երկիր տեղափոխելով, հեղինակազրկելու Մայր Աթոռ Սբ Էջմիածինը և վարկաբեկելու Հայոց պետականությունը։
Համակարգող խորհրդի և նրան միացած եկեղեցականների արծարծած խնդիրներին, Հայ Եկեղեցու բարենորոգմանը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու փաստացի պետի և որոշ այլ բարձրաստճան հոգևորականների առանձին խնդրահարույց և աղմկահարույց դեպքերին, Մայր Աթոռի կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել։ Դրանց վերաբերյալ չի ձեռնարկվել ոչ մի կանոնական գործընթաց, ժողով, քննարկում, քննություն։ Չի հրավիրվել որևէ հանդիպում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում՝ սույն հարցերը հստակեցնելու և ապա Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում ընդգրկելու, ինչպես նաև հրավիրված սրբազաններին նախապես մանրամասներին տեղեկացնելու համար։
ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց, մասնագետների և հավատացյալների կողմից Հայ եկեղեցու վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերը մնացել են անարձագանք։ Հատկապես Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցրած անձի հասցեին հնչեցված լուրջ մեղադրանքներին, նրա հետ հանդիպելու և հարցը քննարկելու վարչապետի առաջարկին՝ մինչ օրս որևէ պատասխան չի տրվել։
Վերոնշյալ պատճառներով և առանց բավարար նախապատրաստության, հիմնավորված չէ, անկարելի է նման ժողովի գումարումը։ Այսպիսի իրավիճակում կայացվող ապակառուցողական ժողովի կողմից առնվելիք կանխակալ որոշումները կանոնական չեն և չեն կարող լինել ընդունելի։ Առավել ևս, որ նման իրավիճակում Բարենորոգման համակարգող խորհրդի բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցելու Ավստրիայում նախատեսված ժողովին»:
Այս առնչությամբ Խորհուրդը հանդես է եկել հետևյալ կոչերով․
«ա․ պահանջել չեղյալ համարել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով անցկացնելու որոշումը, որը կարող է հանգեցնել երկպառակության,
բ․ ձեռնարկել իրատեսական քայլեր՝ վերացնելու եկեղեցու ու պետության ղեկավարության միջև խորացող հակասությունները,
գ․ համախմբել ջանքերը՝ եկեղեցում երկար սպասված բարեփոխումների կյանքի կոչման նպատակով,
դ․ հորդորել բոլոր սրբազաններին հրաժարվել մասնակցությունից՝ այս նախաձեռնությունը որակելով հակասող Սուրբ Էջմիածնի նվիրապետական ավանդույթին և եկեղեցական միասնականությանը,
ե․ դիմակայել բարոյահոգեբանական ճնշումներին և չենթարկվել օտար շահերին ծառայող, ապազգային շարժումներին ներգրավված խմբերի սադրանքներին,
զ․ պահպանել սրբագործված կանոնակարգը՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առաքելությանը և Քրիստոսի պատգամին։
Այս ամենի պատճառն առանց հստակ կանոնադրության, կանոնական սկզբունքներից դուրս միահեծան և սխալ կառավարման, տևապես բարեփոխումներից հրաժարվելու և ճշմարտության ձայները լռեցնելու արդյունք է։ Այլ տեղ մեղավորներ մի՛ փնտրեք»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։