ԱՄՆ հարավային հրամանատարությունը հաղորդել է, որ Կարիբյան ծովում ամերիկացի զինվորականները կալանել են «Սագիտա» (Sagitta) լցանավը, որը տեղափոխում էր պատժամիջոցների տակ գտնվող նավթ։
Հայտարարության մեջ ասվում է, որ կալանումը «ցույց է տալիս վճռականությունը՝ երաշխավորելու, որ միակ նավթը, որ դուրս կգա Վենեսուելայից, կլինի այն նավթը, որի արտահանումը պատշաճ կերպով և օրինականորեն համակարգված է»։
«Սագիտա» լցանավը ներառվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում, որը հրապարակվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին՝ որպես «ստվերային նավատորմի» նավ, որը տեղափոխում է պատժամիջոցների տակ գտնվող նավթ Պանամայի դրոշի ներքո։ Որպես հիմք ընդգրկվելու այդ ցուցակում նշվում է Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանը։