Փորձնական քննական էսսեները՝ մտահոգության առիթ․ քննարկվել են ԿԳՄՍ փորձնական մոդելի խնդիրներն ու անելիքները

Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուր»

Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաների քննությունների ընթացքում փորձնական էսսեի ձևաչափն իրեն չի արդարացրել․ այս եզրահանգմանն է եկել «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն՝ ուսումնասիրելով երկու տարվա փորձնական քննության արդյունքները։ էսսեի ձևաչափը Տավուշում փորձարկվում է  հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում՝ հետագայում հանրապետության բոլոր դպրոցներում տարածելու ակնկալիքով։ Ենթադրվում էր, որ դասական թեստերի փոխարեն աշակերտները քննության ժամանակ առաջարկվող թեմայով էսսե կգրեն։ Սակայն, ըստ ՀԿ դիտարկման, աշակերտները դեռ պատրաստ չեն։ ՀԿ-ն այս հարցով դիմել է կրթական գերատեսչություն ու թեման քննարկել  ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների հետ։

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզի 9-րդ դասարանն ավարտող աշակերտները «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով:

Աշակերտները, ուսուցիչները, նաև՝ առաջարկը ներկայացնողները փորձարկումն ու դրա արդյունքները գոհացուցիչ չեն համարել․ ասում են՝ աշակերտների էսսեներում բացակայել են ինքնուրույն մտածելու հմտությունը և քննադատական մտածողությունը։

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն երկու տարի  լսել և ուսումնասիրել է ուսուցիչների մտահոգություններն ավարտական քննական էսսեի վերաբերյալ։ Գործընթացի մասնակից 60 ուսուցչից 40-ը գնահատել է, որ էսսեն, որպես ավարտական քննության տարբերակ, հարմար չէ։ Նրանցից 35-ը համարել է, որ նոր մեթոդն ինտեգրելու հարցում ԿԶՆԱԿ-ից ավելի լուրջ աջակցություն է պետք։   Սեփական հարցման արդյունքների հիմքով «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ԿԳՄՍ նախարարությանը ներկայացրել  առաջարկներ՝ առնվազն միջանկյալ լուծումներ գտնելու համար։

ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը «Ռադիոլուրին» ասում է՝ գերատեսչության պատասխանը եղել է կարճ ու հստակ՝ մերժում, ինչը նշանակում է, որ Էսսեն պետք է որպես մոդել մնա քննական համակարգում։

 «Մենք ակնկալում էինք, որ մեր արձանագրած խնդիրները պետական մարմնում հաշվի կառնեն, որովհետև ուսուցչական համայնքի բողոքներն ենք, ըստ էության, փոխանցել պետական մարմնին՝ հույս ունենալով, որ պատշաճ հետևություններ կարվեն, բայց  այդպես չի»։

Կրթության ոլորտում բարեփոխումներին ու նորարարական նախագծերին աջակցելու նպատակով ստեղծված «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ներկայացուցիչներն էլ իրենց դիտարկումն ունեն։ Հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի պետ Գայանե Մկրտչյանն ասում է՝ էսսեի ներդրումը գուցե իրոք վաղ էր, գուցե աշակերտներին, ուսուցիչներին կամ տնօրեններին անհանգստություն է պատճառել, բայց մասնագետը նաև սա հերթական տրամաբանական քայլն է համարում հանրակրթական ոլորտում։
Մեթոդական օգնության հեղինակը, ով նաև համակարգում է Հայաստանում էսսեների ներդրումը, ընդունում է, որ բարեփոխումը ներդնելիս դժվարությունների են բախվել, բայց սա չի համարում պատճառ՝ հրաժարվելու նորարարության գաղափարից։

«Այո՛, դժվար է, այո՛, խնդիրներ կան, բայց մենք ոչ թե պետք է մեջքով կանգնենք խնդիրներին, այլ ամեն կերպ աջակցենք՝ ինչպես անում են նախարարությունն ու ԿԶՆԱԿ-ը։ Հենց այդ կազմակերպություններն են, որոնք ամենօրյա աջակցությամբ փորձում են ուսուցիչներին և աշակերտներին այս խնդրից դուրս բերել առանց կորուստների»։

«ԿԶՆԱԿ»-ի ներկայացուցիչ Գայանե Մկրտչյանը վստահ է, որ համատեղ աշխատանքով կարելի է արդյունավետ կերպով   էսսեներով փոխարինել դասական թեստերը, որոնցից դժգոհություններն էլ, ի դեպ, քիչ չեն։

«ԿԶՆԱԿ-ի կանոնադրության մեջ հստակ ամրագրված է՝աջակցող կառույց։ Մեր կառույցը բովանդակության աջակցող կառույց է։ Մենք ընդհամենը աջակցում ենք նախարարության բոլոր ռազմավարական կետերը կյանքի կոչելու առումով»։

Իսկ ինչո՞ւ են ծագում նման խնդիրներ, ինչո՞ւ լավ էսսե գրել չի հաջողվում երեխաներին, ո՞րն է խնդրի հիմքը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը խնդրի հիմքում տեսնում է հանրակրթական ոլորտի գերխնդիրը՝ դեռահասները չեն կարդում։

«Լավ գրում է այն մարդը, որը կարդում է։ Բոլոր հայտնի գրողներն ու գիտնականները մինչև գրելը կարդացել են։ Հիմա բոլորս էլ գիտենք, որ աշակերտները չեն կարդում։ Աշակերտների բառապաշարը խայտառակ աղքատ է»։

50 տարվա աշխատանքային փորձ ունեցող Թամարա Ալեքսանյանը ևս խնդրի հիմքը քիչ կարդալն է համարում։ Էսսե գրելու առաջարկն, ըստ մանկավարժի, ուղղակի հերթական անգամ ի ցույց է դրել, որ երեխաները բավականաչափ հարուստ բառապաշար չունեն, ուստի հիմնական և ավագ դպրոցում ավարտական քննությունների ժամանակ դժվարության բախվելը սպասելի էր։  

«Մենք աշակերտին դրել ենք այն վիճակում, որ ասում ենք՝ դու «գործ» չունես, դու նստիր, ես քո փոխարեն ամեն ինչ կանեմ։ Մենք չենք ասում՝ երեխա, դու պատասխանատու ես այս գործընթացի համար։ Եկել ես դպրոց, առավոտյան 9-ին մտել ես դասարան, դու պարտավոր ես աշխատել»։

Միջազգային փորձն ուսումնասիրած, Ստոկհոլմի համալսարանի մագիստրոսական ծրագրի ուսանող Լիլիթ Ավագյանը կրթական համակարգում էսսեների հանձնարարման մոդելի մասին խոսելիս նկատում է՝

«Աշակերտներին այնտեղ տրվում է ընտրության հնարավորություն՝ տեքստի մեկնաբանություն կամ գրական թեզ։ Ամեն աշակերտ ինքն է ընտրում, թե որ տարբերակն է նախընտրում որպես քննական ձևաչափ։ Ֆրանսիական մոդելում սա դիտարկվում է ոչ թե որպես մեկ տարվա, այլ երկար տարիների մեթոդական աշխատանքի արդյունք»։

Ֆրանսիական համալսարանի մոտեցումը մանրամասնելիս Լիլիթ Ավագյանը նկատում է՝ այնտեղ գրավոր մտածողությունը զարգացնում են աստիճանաբար, հմտության զարգացման համար օգտագործվում են ամենապարզ վարժությունները, որոնք ընթացքում  աստիճանաբար բարդացվում են ու տեղ թողնում մտածելու և ինքնուրույն եզրահանգումների համար՝

Քննարկման մասնակիցները համաձայն են՝ էսսեն կարող է դառնալ հանրակրթության որակի բարձրացման իրական գործիք, բայց կան «բայց»-եր։  

«Ընկերնե՛ր ջան, ի՞նչն է մեզ պակասում՝ համագործակցությունը։ Կրթությունն առանց համագործակցելու չի կարող գոյություն ունենալ։ Հայոց լեզվի և գրականության չափորշչի առաջին և կարևոր հասկացությունը հաղորդակցումն է»։

Ամեն դեպքում՝ բոլորի մտահոգություն նույնն է, երեխայի ինքնուրույն մտածելու հմտությունը զարգացնել է պետք, ու, ինչպես բոլոր փոփոխությունների դեպքում, այստեղ ևս ժամանակ է պետք ու համատեղ ջանք։ Մանկավարժներն ակնկալում են «ԿԶՆԱԿ»-ի մասնագետների ավելի լուրջ աջակցությունը, ինչին հիմնադրամում պատրաստ են։

Leave a Comment