Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ ազատվել է պաշտոնից, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ է նշանակվել Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը՝ ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից:
Կաթողիկոսի այս որոշմամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:
Ալճանյանը հունվարի սկզբին, ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների կողմից կազմված Համակարգող խորհրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունը։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել, ապա հունվարի 5-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:
